top of page

Ես ունեմ կյանքի մեծ փորձ, կարող եմ համախմբել մեր ժողովրդին, որպեսզի կարողանամ մարդկանց շփոթությունից

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 2-ին, Տիգրան Արզաքանցյանն ընտրվեց «Ալյանս» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ։ Նա որոշել է քաղաքական դաշտում իր պայքարը շարունակել հենց այս քաղաքական ուժի, Տիգրան Ուրիխանյանի հետ միասին։

Ինչ խնդիրներ են եղել Արամ Սարգսյանի հետ, ինչու է հետագա պայքարի համար ընտրվել հենց այս քաղաքական ուժը։




Presstime.am-ի հետ զրույցում Արզաքանցյանն ասաց, որ Տիգրան Ուրիխանյանի հետ հանդիպել ու ծանոթացել է արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո․ «Մենք խոսեցինք մեր այսօրվա քաղաքական իրավիճակից։ Այդ ժամանակ ես զգացի, որ մենք իրար հետ շատ աշխատանքներ ունենք անելու, քանի որ մեր հայացքները համապատասխանում են նույն ուղղությամբ գնալու համար։ Ասեմ, որ մինչև ընտրությունները 2-3 անգամ փորձել են ծանոթացնել մեզ, որպեսզի միանայինք։ Սակայն, ճիշտն ասած, ես այլ կարծիք ունեի Տիգրան Ուրիխանյանի մասին, բայց երբ հանդիպում խոսում ես, կարողանում ես իսկական կարծիք ձևավորել։ Հետո ես իմ գործընկերոջ՝ Արամ Սարգսյանի հետ խոսեցի, որ միանանք։ Արամ Գասպարիչի հետ մի քանի անգամ պայմանավորվեցինք, որ խոսենք այս թեմայի մասին, սակայն նա այդ հարցի քննարկումից միշտ խուսափում էր։

Բացի դրանից, առանց խորհրդի որոշման, իրենք մի քանի անգամ որոշումներ էին կայացրել։ Ես հասկացա, որ մեզ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի իրենց հետ մեր խնդիրը լուծենք, իսկ այսօր ժամանակը մեր դեմ է գործում․ «Դրա համար ես որոշեցի իմ թիմակիցների հետ դուրս գալ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունից։ Ես Ուրիխանյանին հայտնեցի, որ իրեն կարող ենք միանալ թիմակիցներով, բայց ասացի, որ ես պարտադիր պետք է ծանոթանամ իրենց Գործադիր խորհրդի, բոլոր լուրջ գործընկերների հետ։ Ես ասացի, որ 100 տոկոսանոց որոշումը կկայացնեմ, երբ ծանոթանամ իրենց հետ, իսկ իրենք ծանոթանան մեր թիմակիցների հետ։ Մենք ծանոթացանք, ժողովներ արեցինք, խոսեցինք, ինչից հետո որոշեցինք համագումար անել։ Հետո միասին որոշում կայացվեց, որ ես պետք է լինեմ կուսակցութան բարձրագույն խորհրդի նախագահ, Տիգրան Ուրիխանյանն էլ դարձավ կուսակցության ղեկավար։

-Պարոն Արզաքանցյան, իսկ առհասարակ ինչո՞ւ որոշեցիք ակտիվ մասնակցություն ունենալ հայաստանյան քաղաքական դաշտում, ի՞նչ եք ուզում փոխել։

-Ես իմ աշխատանքներով, իմ գործերով գնացել էի Եվրոպա։ Երբ տեսա, թե ինչ ձևի վերջացավ պատերազմը․․․ Ես չեմ ասում, որ մենք պարտվել ենք թուրքին, ասում եմ, որ եղել է ձախողված պատերազմ։ Եթե մեր հայկական բանակն իսկականից շատ լուրջ ձևով մասնակցեր, մենք չէինք կարող պարտվել։ Շատ միջոցներ կային, որոնք չեն օգտագործվել։ Հատուկ նպատակ է եղել, որ հանձնեն ազատագրած տարածքները։

Ես ունեմ կյանքի մեծ փորձ, բանակցությունների մեծ փորձ, ունեմ հարուստ գիտելիքներ, կարող եմ համախմբել մեր ժողովրդին, որպեսզի կարողանամ մարդկանց շփոթությունից հանել, հայրենասիրություն մտցնել, մեջներից հանել սև ու սպիտակը, ատելությունը։ Նախ մարդիկ պետք է սկսեն սիրել ու հարգել միմյանց, ինչից հետո կկարողանանք ուժեղ երկիր կառուցել։ Միմյանց ատելով մենք չենք կարող հաղթանակի հասնել։

Քյավառցու թասիբն իմ մեջ է։ Իմ պապերը եկել են Արևմտյան Հայաստանից։ Ես ուզում եմ մտնել քաղաքականություն, որ կարողանամ մեր Արևմտյան Հայաստանը, Արցախի կորցրած տարածքները ետ բերել։ Իմ նպատակը ոչ միայն Արցախի տարածքները ետ բերելն է, այլ Սևրի պայմանագիրը վերականգնելը։

-Քանի որ խոսեցիք ընտրությունների մասին, հաջորդ հարցը հենց այդ մասին կլինի։ Դուք հայաստանյան քաղաքական դաշտում հայտնվեցինք ընտրությունների նախաշեմին ու միանգամից սիրվեցիք հանրության կողմից։ Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը։

-Ես հատուկ աշխատանքներ չեմ տարել, որ ինձ սիրեն։ Ես միշտ որտեղ էլ մտել-ելել եմ, միշտ թողել եմ լավ տպավորություն։ Ես բոլորի հետ մաքուր եմ, անմիջական, ի սրտե։ Ես միշտ ճիշտն եմ ասում։ Իմ մեջ կա հայրենասիրություն։ Ժողովուրդը երկար տարիներ կարոտ է եղել ղեկավարի, ով կկարողանա ի սրտե խոսել, կատարել այն քայլերը, որոնք ցանկանում է անել իր երկրի համար։

Այսօր մենք գեղեցիկ, ճարտար խոսքեր ունենք, այդ խոսքերով ժողովրդին խաբում են, շփոթության են ենթարկում ու երկիրը տանում են պարտության, թշնամության։ Ժողովրդի մեջ ատելություն են մտցրել միմյանց հանդեպ։ Մենք պետք է կարողանանք այդ ատելությունը, շփոթությունը, թշնամությունը, զոմբիացումը վերացնել մեր երկրից։ Եթե թշնամին տեսնի, որ մենք ներսում ուժեղ ենք, սերով ու հարգանքով ենք, կհասկանա, որ ունենք ամենաուժեղ զենքը։ Եթե մենք այդպիսին եղանք, ուրեմն հայյրենասեր ենք, թասիբով ենք, հայրենիքի համար, մի սանտիմետր հողի համար կյանք կտանք։

Մեր հայրենակիցները լավ օրից չեն թողել ու փախչել Արևմտյան Հայաստանից։ Եթե իրենք տեսնեն, թե մենք ինչքան լավն ենք, հզոր ենք, կգան։ Այդ ժամանակ Ալիևի նման ապուշը չի ասի, որ մենք 2 միլիոն ենք, իրենք՝ 10 միլիոն ու չենք կարող հաղթել իրենց։ Եթե մենք մեզ ներսում ճիշտ պահենք, մեր երկիրը սիրենք, կոչ անենք մեր սփյուռքի հայերին հավաքվել գալ Հայաստան, ապա մեր երկիրը կզարգացնենք ու չենք թողնի անտեր։ Այսօր անտեր ենք թողնում, թուրքը գալիս ու գրավում է։


Մենք ազատագրեցինք Արցախի տարածքները, բայց չմնացինք այնտեղ բնակվելու, տնտեսությունը զարգացնելու։ Հաղթանակից հետո 30 տարվա մեջ, մենք ստացանք փախստականներ, փոխանակ ժողովրդին այնտեղ պահեինք։ Մանավանդ ընկեր Քոչարյանը, փոխանակ կոչ աներ արցախցիներին մնալ այնտեղ, բերեց այստեղ, որ իրեն պաշտպանեին։ Այդ մարդիկ պետք է մնային հայրենիքը պաշտպանելու համար։

-Պարոն Արզաքանցյան, գաղտնիք չէ, որ ամեն հաջողակ տղամարդու թիկունքում կին է կանգնած։ Կարծիք կա, որ Ձեր կինը լուրջ դերակատարում ունի Ձեր հաջողությունների մեջ։ Կա արդյո՞ք ճշմարտության հատիկ սրա մեջ։

-Արթուր ջան, իմ կինընոր է եկել կանգնել իմ կողքը։ Ես միշտ էլ հաջողակ եմ եղել։ 1997 թվականին եկել եմ Հայաստան, տասնյակ միլիոն դոլարներ եմ բերել, ներդրումներ եմ արել։ Եթե ես լավ մարդ չլինեի, հաջողակ կինն իմ կողքը չէր լինի։ Ամեն ինչ տղամարդուց է կախված։ Ես ուրախ եմ, որ այսօր ինձ հետ կա հավատարիմ, իմ ազգը սիրող այլազգի կին, ով ինձ հետ նվիրված գնում է առաջ ու ամեն քայլին ինձ հետ է։ Բայց ես ունեմ իմ ապրած ճանապարհը, դեռ 92 թվականին եմ Հայաստանում աշխատատեղեր ստեղծել։

2002 թվականի հիմնադրամ եմ ստեղծել, որը տասնյակ միլիոնների աշխատանքներ է կատարել, 15 միլիոն դոլարով բանակին է օգնել, սոցիալական կարիքներ ունեցող ընտանիքներին է օգնել։ Գերազանցիկներին կրթաթոշակ եմ տվել, մեծ աշխատանք է կատարվել։ Ես կայացած եմ եղել, ոչ թե իմ կինը կանգնել է իմ կողքն ու ես ուժեղացել եմ։ Ես 78,6 տոկոսով դարձել եմ անկախ պատգամավոր 2003 թվականին, 2007 թվականին 76,6 տոկոսով դարձա պատգամավոր։ Ես մենակ արել եմ այդ ամեն ինչը, չէ՞։

-Պարոն Արզաքանցյան, սովորաբար ընտրություններից հետո հաջողության չհասած ուժերը դադար են վերցնում։ Սա կարծես թե Ձեր մասին չէ, Դուք շարունակում եք ակտիվ աշխատել։

-Ընտրությունների ժամանակ 6-րդ օրն ինձ հանեցին, քանի որ ես բարձր վարկանիշ ունեի։ Ժողովուրդը ոչ ուզում էր իշխող կուսակցությանը, ոչ էլ նախկիններին։ Իսկ հիմա այնպես եղավ, որ եկան նստեցին համ գործողները, համ՝ հները։ Հիմա ես տեսնում եմ, որ այսօր կրկին կատարվում են հակապետական քայլեր։

Այսօր թշնամին մտել է մեր սահմաններն ու իրեն տիրոջ նման է պահում։ Դրա համար ես ուզում եմ, որ մենք գանք իշխանության բոլոր հակապետական, հակաժողովրդական փաստաթղթերը, որ ստորագրել են հեչ անենք։ Մենք բոլորը պետք է հեչ անենք, ինչ ուզում ա լինի։ Մենք պետք է մեր երկրին տեր կանգնենք, հակառակ դեպքում թուրքը կգա տեր կկանգնի։

Պետք է պրոֆեսիոնալ աշխատանք կատարվի, մենք պետք է կարողանանք մեր երկիրը պահել, սահմանները պահել։ Խայտառակ վիճակ է։ Էս ի՞նչ է։

-Լավ, պարոն Արզաքանցյան, ի՞նչ եք կարծում, այս խորհրդարանը որքան կյանք կունենա, արդյո՞ք մենք հաջորդ խորհրդարանում կտեսնենք Տիգրան Արզաքանցյանին, թե Դուք բացառապես վարչապետի պաշտոնի համար եք պայքարում։

-Այս խորհրդարանի կյանքը կախված է իրենցից։ Եթե իրենք մեր հայրենիքի հանդեպ կարողանան ճիշտ որոշումներ կայացնել, ճիշտ օրենքներ ընդունել, ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը, զարգացնեն մեր երկրի տնտեսությունը, հաղթահարեն աղքատությունը, մեր սահմաններից վռնդեն թշնամուն, կառուցեն անվտանգ երկիր և մեր ժողովուրդը գոհ լինի, Արզաքանցյանը մեծ հաճույքով կզբաղվի իր ընտանիքով, իր երեխաներով, իր թոռնիկներով ու կհետևի քաղաքականությանը։ Հանգիստ կլինեմ։ Եթե այսպես շարունակվի, այսօրվա խորհրդարանը 1 տարվա կյանք էլ չի ունենա։

Ինչ վերաբերում է պատգամավոր կամ վարչապետ դառնալուն, ապա ես չեմ մտածում դառնալ պատգամավոր, նաև չեմ մտածում դառնալ վարչապետ, ես նախ մտածում եմ մեր երկրի անվտանգության, զարգացման մասին։ Եթե այսպես շարունակվի, մեր կուսակցությունը, մեր կողքին կանգնած հայրենասեր ժողովուրդը, որի թիվն օրական ավելանում է, ստիպված կլինենք փողոց դուրս գալ, ցույց տալ մեր հայրենասիրական աշխատանքները, ժողովրդին ասել՝ ում ձայն են տվել, խորհրդարան են գնացել, մտել են կառավարություն, այն աշխատանքը չեն կատարում, ինչին քաղաքացիները սպասում էին, հույս ունեին։ Սա վերաբերում է ինչպես իշխանություններին, այնպես էլ՝ ընդդիմությանը։

Մնացականյան Արթուր

Comments


Մոսկովյան 33Ա
Երևան, Հայաստան
info@ujhay.am

374-98-01-10-01

374-93-70-01-01

  • facebook
  • youtube
  • instagram

© 2022 «Ուժը Հայրենյաց» կուսակցություն ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

bottom of page