«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Ուժը հայրենյաց» նորաստեղծ կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը
–Պարոն Արզաքանցյան, դատարանը Ձեզ մեղավոր ճանաչեց ընտրությունների ժամանակ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար և դատապարտեց 350.000 դրամ տուգանքի։ Դուք պատրաստվո՞ւմ եք մուծել այդ տուգանքը, թե՞ կբողոքարկեք որոշումը: Այն ժամանակ բավականին զայրացած էիք, ասում էիք, որ անհիմն է այս ամենը:
-Ես հիմա էլ եմ զայրացած, բայց հիմա չեմ ուզում այդ թեմայով խոսել, այնքան լուրջ աշխատանքներ ունենք անելու:
–Դուք չեք համարում, որ դատարանն արդարացի որոշում է կայացրե՞լ:
-Ես ասեմ, ես չուզեցի, որ մարդիկ տուժեն: Ես չեմ ասում՝ դատարանը սխալ որոշում է կայացրել, որովհետև սկզբում ուղարկված տեղեկանքն են հիմք ընդունել, որը սխալ էինք ուղարկել: Իմ աշխատողն է սխալվել, ինքն է տարել տվել առանց ստուգելու, ես էլ չուզեցի բողոքել իմ աշխատողի դեմ, չուզեցի գցել քաշքշուկի մեջ: Ինքն էլ էս քանի օրը մահացավ:
–Իսկ հիմա ինչո՞վ եք զբաղված, նոր կուսակցություն հիմնելու աշխատանքները որ փուլում են:
-Ապրիլի 3-ին մեր կուսակցության համագումարն է կայանալու:
–Կարծում եք՝ առանձին գործելն ավելի արդյունավետ կլինի՞:
-Իմ համակիրներն ինձ հասկանում են, կողքից խանգարող չկա, ավելի համախմբված կգործենք, որովհետև նախաձեռնող խումբը իմ գաղափարների հետ լրիվ համաձայն է: Մենք հիմա ստեղծում ենք մեր կուսակցությունը և գնանք առաջ:
–Կուսակցությունում հիմնականում Գեղարքունիքի մարզի բնակիչներն ե՞ն:
-Ոչ, ինչ եք ասում, Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները կան:
–Մոտավորապես քանի աջակից ունեք:
-Դե պատկերացրեք, 4-րդ օրն է, որ մեր կայքը գործում է, և արդեն 1250 մարդ գրանցվել է: Ֆեյսբուքում նոր էջ ենք բացել, որն արդեն 30 հազար մարդ նայում է:
–Վարչապետի հետ արտախորհրդարանական ուժերի հանդիպումներին Դուք շարունակում եք մասնակցել: Հիմա արդեն նոր կուսակցության անունո՞վ եք մասնակցելու այդ նիստերին:
-Մենք կմտածենք՝ մասնակցենք, թե չմասնակցենք այդ նիստերին: Այսքան, որ մասնակցել եմ, արդյունավետ եմ գնահատում: Վարչապետը, որ տարբեր ղեկավարների, նախագահների հետ հանդիպում է, մենք մեր այդ ֆորմատում խորհրդակցում ենք ամեն ինչ, մենք մեր ասածն ենք ասում, մեր խորհուրդն ենք տալիս: Ես մի քանի առաջարկ եմ արել, որ կյանքի կոչեն, այդ առաջարկները շատ կարևոր են:
–Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ինչ-որ առաջարկներ ներկայացնելո՞ւ եք, որովհետև դուք Ռուսաստանի հետ մեծ կապեր ունեք, հիմա այնտեղ արտագնա աշխատողները լուրջ խնդիրների առջև են, ռուբլին անկում է ապրում:
–Իմ կապերը ոչ միայն Ռուսաստանի հետ է, այլև Եվրոպայի հետ, Արևմուտքի հետ, բոլորի հետ: Ինձ հարցնում են՝ դուք արևմտամետ եք, թե ռուսամետ: Որևէ «մետ» հասկացողությունը իմ գլխի մեջ չի մտնում: Մենք հայ ենք, մեր հայրենիքի տեր, տիրականն ենք, մեր երկրի մասին ենք մտածում: Ով մեզ հետ կարող է արդյունավետ համագործակցել, մենք իրենց հետ կհամագործակցենք: Ինչը մեր երկրի շահերից է բխում, մենք ամեն ինչ կանենք, որը պետք է մեզ երկրին: Սկզբից անվտանգությունը պետք է նայես, թե ում հետ ես գնում ընդառաջ աշխատանքների, ինչ ես անում: Ամենակարևորը անվտանգությունն է, տնտեսության զարգացումը, կրթությունը, գիտությունը, ամեն ինչը պետք է մենք ուշադիր նայենք ու առաջ տանենք:
–Անվտանգության խնդիրներն ինչպե՞ս պետք է լուծվեն, ըստ Ձեզ:
-Այն երկրների հետ պետք է դու գործես, որ այսօր քո կողքը կկանգնեն, քեզ չեն դավաճանի: Ամենակարևորը, անվտանգության խնդիրը դու պետք է քո ներսում լուծես, ներսում պետք է հզորանաս, հույսդ դնես քո վրա, տեր ման չգաս: Մեր երկրի տերը մենք ենք, մեր տունը Հայաստանն է: Մենք պետք է մեր տունը պահենք, մենք պետք է տանք լավ առաջարկներ, արհեստավարժ սփյուռքահայ ժողովրդին հրավիրենք, հայ էլ չլինեն, լավ տեխնոլոգիաներով հարուստ խմբեր լինեն, պետք է հրավիրենք այստեղ, մեր ռազմավարական աշխատանքը կատարենք ռազմարդյունաբերության դեմ: Մենք պետք է լինենք արտադրող, ոչ թե գնող:
–Ձեր կինն էլ սկսել է իր բիզնես գործունեությունը Հայաստանում: Այս առումով դժվարություններ կա՞ն։
-Այս առումով խնդիր չկա, ավելին՝ բիզնեսի զարգացման մեծ պլյուսներ կան, հարկայինի հետ աշխատանքները և այլն։ Ես սա ասում եմ որպես առաջվա բիզնեսին ծանոթ մեկը, հիմա չկան դժվարություններ, կաշառք չենք տալիս։ Այդ կողմից մաքուր է, գոհ ենք։
Ես արդեն հրավիրել եմ, մարդիկ եկել են ՌԴ-ից, մեկը 270 միլիոնի ներդրում է անում, արդեն 60 միլիոն ներդրել է, մյուսը պետք է հունիսին գործարանը բացի։ Եվ կապ չունի՝ իշխանության մեջ եմ, թե իշխանության մեջ չեմ, խորհրդարանում եմ, թե ոչ, երկրի զարգացման համար իմ աշխատանքները կատարում եմ, բերում եմ ուժեղ խմբեր, շարունակական քայլեր եմ անում մեր տնտեսությունը զարգացնելու համար։ Մենք եթե չունենանք տնտեսական աճ, չենք ունենա լուրջ ֆինանսներ և չենք կարող պայքարել թշնամու դեմ, որովհետև զենք-զինամթերք ստեղծելը, գնելը, ամեն ինչ կախված է գումարներից։ Այստեղ չպետք է նստես մտածես, որ դու ընդդիմադիր ես որ քեզնից ավելի ուժեղ ընդդիմադիր չկա, եթե դու հայրենասեր ես, պետք է մտածես երկրի մասին, և կապ չունի՝ ով է երկրի ղեկավարը, ինչ կուսակցություն է իշխանության։ Պետք է կատարես երկրի շահերի համար, ինչ կարող ես, պետք է անես, մնացածը գալող-գնացող բան է, ոչ մի կուսակցություն հավերժ չէ։ Գալու են գնան, բայց ամենակարևորը մարդ տեսակն է, հայրենասեր հայ մարդ, թուրքին մենք պետք է ամեն ձևի իր տեղը դնենք, որ թուրքը հասկանա իր նախնիների կատարած սխալները։ Մենք ունենք ժամանակավոր կորցրած Արևմտյան Հայաստան, ժամանակավոր կորցրած Արցախ, մենք ճիշտ պետք է գրանցենք մեր ազգի հողերը, որ վայելենք։
Comments